
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի միջուկային խնդրի «իրական ավարտ», որ Թեհրանն «ամբողջությամբ հրաժարվի» միջուկային զենքի մշակումից, և ոչ թե պարզապես հրադադար հաստատվի Իրանի և Իսրայելի միջև։ Այս մասին Թրամփն ասել է Կանադայում անցկացվող G7-ի գագաթնաժողովից վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
«Ես չեմ ասել, որ հրադադարի եմ ձգտում», - Թրամփի խոսքերն է մեջբերում CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, որը գտնվում էր նախագահական ինքնաթիռում։
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը չի պատրաստվում նվազեցնել Իրանի վրա իր գրոհների ինտենսիվությունը։
«Դուք դրա մասին կիմանաք հաջորդ երկու օրվա ընթացքում։ Դուք կիմանաք։ Առայժմ ոչ ոք չի նվազեցրել թափը», - նշել է նախագահը։
CBS News-ը նշում է, որ ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը կներգրավվի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու գործում: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագիրը «ոչնչացած կլինի» ԱՄՆ-ի միջամտությունից «դեռ շատ առաջ»:
Անդրադառնալով ԱՄՆ շահերին հնարավոր սպառնալիքի մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ Իրանը գիտի, որ ամերիկյան զորքերին դիպչել չի կարելի, և նախազգուշացրել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ն շատ կոշտ կպատասխանի։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ վարչակազմն աշխատում է Մերձավոր Արևելքից ամերիկացիներին դուրս բերելու ուղղությամբ։
Թրամփը նաև չի տեսնում նշաններ, որ Հյուսիսային Կորեան կամ Ռուսաստանն օգնում են Իրանին։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։