Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի հա...

Իսրայելի իշխանությունները չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա առանց Միացյալ Նահանգների հետ իրենց գործողությունները համաձայնեցնելու։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Փորձը ցույց է տալիս, որ իսրայելական վարչակարգի կողմից ձեռնարկվող քայլերն անփոփոխ կերպով իրականացվում են ԱՄՆ-ի համաձայնությամբ և համագործակցությամբ։ Հետևաբար, ագրեսիայի դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը նրանց կստիպի զղջալ կատարվածի համար», — ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Հունվարի 26-ին Վաշինգտոնում հայտարարել են, որ դեպի Իրան է ուղղվում «հսկայական արմադա»։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել «արդար և իրավահավասար» գործարք, որի արդյունքում ամենայն հավանականությամբ պետք է հրաժարվել միջուկային զենքից։ ԱՄՆ-ում նաև զգուշացրել են, որ «հաջորդ հարձակումն է՛լ ավելի վատն է լինելու»՝ նկատի ունենալով 2025 թվականի ամռանը իսլամական հանրապետությանը հասցված հարվածները և կոչ են արել «թույլ չտալ դա»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։