Իսրայելական բանակը փետրվարի 3-ին չեղյալ է հայտարարել Գազայի հատվածից Ռաֆահի սահմանային անցակետով 40 պաղեստինցի հիվանդների և վիրավորների երրորդ խմբի մեկնումը Եգիպտոս։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայում Պաղեստինյան Կարմիր մահիկի խոսնակ Ռաիդ ան-Նամսը հայտարարել է, որ իրենք «պաշտոնապես տեղեկացվել են անցակետով հիվանդների և վիրավորների ուղևորության կազմակերպման չեղարկման մասին, չնայած բուժանձնակազմը սկսել էր նախապատրաստությունը տեղափոխման համար»։
Նա պարզաբանել է, որ որոշումն անակնկալ էր և խաթարել է Գազայի հատվածից արտասահման բուժման մեկնել պատրաստվող տասնյակ հիվանդների ճանապարհորդության ծրագրերը։
Իսրայելի կողմից որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարել է, որ պահեստազորի սպա է ծանր վիրավորվել Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած հարձակման ժամանակ, և որ պատասխանը կոշտ է լինելու։
Տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի թիրախում են հայտնվել քաղաքացիական տներ և տեղահանվածների վրաններ: Հրետանային և օդային հարվածներն ուղղվել են աթ-Թուֆֆահ, աշ-Շուջաիյա և ազ-Զեյթուն թաղամասերին։
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վաղ առավոտյան Գազա քաղաքի և Խան Յունիսի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել է 18 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ։
Փետրվարի 2-ին Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահի սահմանային անցակետը սկսել էր գործել սահմանափակ հիմունքներով և Իսրայելի խիստ հսկողության ներքո։



