
Գազայի հատվածում 2,1 միլիոն խաղաղ բնակիչ հայտնվել է ամբողջ պաղեստինյան անկլավի 12%-ը կազմող տարածքում՝ Իսրայելի զինվորականների տեղահանման հրամանների և ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) հրապարակած հայտարարության մեջ։
Համաձայն հուլիսի 20-ին հրապարակված զեկույցի՝ Գազայի այն տարածքը, որը գտնվում է տեղահանման հրամանների կամ Իսրայելի զինվորական վերահսկողության տակ, հասել է մինչև 87,8%-ի։
«Իսրայելի զինված ուժերի կողմից այսօր (հուլիսի 20-ին) տրված զանգվածային տեղահանման հրամանը ևս մեկ կործանարար հարված է հասցրել Գազայի հատվածում բնակիչների արդեն իսկ անկայուն կենսական ուղիներին։ Այսօրվա հրամանը վերաբերում է Դեյր ալ Բալահի մոտ 5,6 քառակուսի կիլոմետր տարածքին, որն ընդգրկում է չորս թաղամաս», - նշված է զեկույցի մեջ։
Նաև նշվում է, որ նախնական գնահատականներով՝ հրամանագրի հրապարակման պահին տարածքում գտնվել է 50 000-ից 80 000 մարդ, այդ թվում՝ մոտ 30 000 մարդ, որոնք ապաստան էին գտել 57 տեղահանման վայրերում: Վերջին ժամերի ընթացքում առնվազն 1000 ընտանիք լքել է տարածքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նոր տարածքը ներառում է մի քանի մարդասիրական պահեստ, չորս առողջապահական կլինիկա, չորս բժշկական կետ և կարևորագույն ջրային ենթակառուցվածքներ: Այս ենթակառուցվածքին հասցված ցանկացած վնասը կունենա կյանքի համար վտանգավոր հետևանքներ։
Գրասենյակի տվյալներով՝ նոր հրամանը տարածվում է ամբողջ Դեյր էլ-Բալահ նահանգի վրա՝ մինչև Միջերկրական ծով՝ այդ կերպ ավելի մասնատելով պաղեստինյան անկլավը։ Արդյունքում կսահամանափակվի ՄԱԿ-ի և նրա գործընկերների՝ Գազայում անվտանգ և արդյունավետ տեղաշարժվելու կարողությունը, ինչպես նաև «մարդասիրական օգնության հասանելիությունը, երբ դրա կարիքն ամենաշատն է»։