Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրու...

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկությունը կշարունակվի մինչև Երեւանի ժամանակով 00:00-ն։

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի ավելի քան 10 միլիոն քաղաքացիներից մոտ 7,3 միլիոնն ունի քվեարկելու իրավունք։ Երկրի տարածքում բացվել է ավելի քան 12 000 ընտրատեղամաս՝ հագեցած 18 000 քվեատուփով։ Հրեական պետությունում ընտրությունների օրը պաշտոնական ոչ աշխատանքային օր է։

120 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ապահովելու և կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը կամ դաշինքը պետք է ստանա 61 մանդատ։ Սեպտեմբերի սկզբին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր ընտրություններին մասնակցելու համար գրանցված 38 քաղաքական դաշինքների, կուսակցությունների և շարժումների թեկնածուների ցուցակները։ Հարցումների համաձայն՝ ակնկալվում է, որ ավելի քան 10 քաղաքական կուսակցություն և դաշինք կհաղթահարեն 3,25%-անոց ընտրական շեմը։

Գործող կոալիցիայի հիմնական ուժերն են՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը, ազգային-կրոնական «Կրոնական սիոնիզմ» և «Հրեական ուժ» կուսակցությունները, ուլտրաուղղափառ «Միացյալ թորա հուդայականություն» դաշինքը, ինչպես նաև ուլտրաուղղափառ «Շաս» կուսակցությունը։

Ընդդիմադիր հիմնական ուժերից են՝ գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտի գլխավորած կենտրոնամետ կուսակցությունը, նախկին վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ կապված «Բե-Յախադ» կենտրոնամետ դաշինքը և Ավիգդոր Լիբերմանի գլխավորած աջակողմյան «Իսրայել Բեյտենու» կուսակցությունը։ Հարցումների համաձայն՝ ակնկալվում է, որ ընտրական շեմը կհաղթահարեն նաև արաբական կուսակցությունների միացյալ ցուցակը և ձախակողմյան «Դեմոկրատներ» կուսակցությունը։