Իսպանական Բիլբաոյում հակաֆաշիստական ցույցի ցրումից հետո զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է տեղական 20minutos պարբերականը։
Ոստիկանության հետ բախումներին մասնակցել են հարյուրավոր երիտասարդներ։ Անկարգությունների ընթացքում հրկիզվել են շուրջ վեց ավտոմեքենա և աղբամաններ, ինչպես նաև թալանվել են խանութներ։ Առնվազն 19 մարդ ձերբակալվել է, որոնցից շատերը անչափահասներ են։
Հարյուրավոր երիտասարդներ ցերեկը Բիլբաոյի տարբեր հատվածներից շարժվել են՝ բողոքելու «ֆաշիստ սադրիչների» դեմ, և հավաքվել են Դեուստոյի համալսարանի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք՝ պաստառներով, որոնց վրա գրված էր. «Ոչ ֆաշիզմին Բասկերի երկրում, ոչ մի քայլ հետ» և «Ընդդեմ ֆաշիստ սադրիչների, դասակարգային միասնություն»։
Ցույցը կազմակերպվել էր՝ ի նշան բողոքի, ծայրահեղ աջ քաղաքական ակտիվիստ Վիտո Կիլեսի հրապարակային միջոցառման դեմ։ Արդյունքում նախատեսված ակցիան չի կայացել։
Նույն օրը Մադրիդի կենտրոնում նույնպես տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ընդդեմ Սեուտայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իսպանիայի կառավարության գործողությունների։ Իշխանությունների տվյալներով՝ փողոց է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ։ Ցուցարարները մեղադրել են իշխանություններին սահմանները պաշտպանելու անկարողության մեջ և պահանջել արտահերթ ընտրություններ։ Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ բողոքն աջակցել է շուրջ 180 հազար մարդ։ Կազմակերպիչների հրապարակած մանիֆեստում պահանջ է ներկայացվում մինչև նոյեմբերի 15-ը անցկացնել արտահերթ ընտրություններ և բոլոր միգրանտներին վերադարձնել Մարոկկո։



