Իսրայելն ԱԹՍ-ներով նոր հարվածներ է հասցրել սի...

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 18-ի առավոտյան թիրախավորել են Սիրիայի աս-Սուեյդայի նահանգի չորս վայրեր։ Այս մասին հայտնում է Syria TV-ի թղթակիցը։

Հաղորդագրությունների համաձայն՝ ցեղախմբերի ուժերը վերահսկողություն են հաստատել նահանգի արևմտյան գյուղական վայրերի նկատմամբ և հասել աս-Սուեյդա քաղաքի ծայրամասեր։ 

Սիրիայի նախագահական գրասենյակը հուլիսի 17-ի երեկոյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անօրինական զինված խմբավորումները սարսափելի հանցագործություններ են կատարել աս-Սուեյդայում խաղաղ բնակիչների նկատմամբ՝ բանակի և ներքին անվտանգության ուժերի՝ նահանգից դուրսբերումից հետո՝ ընդգծելով, որ այդ հանցագործություններում ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։

Հայտարարության մեջ նշվել է, որ կառավարական ուժերի դուրսբերումը տեղի է ունեցել «երկիրը հետագա սրացումից զերծ պահելու ցանկության շրջանակում և ի պատասխան հուլիսի 16-ի երեկոյան տեղի ունեցած ամերիկա-արաբական միջնորդության»։

Սիրիայի ղեկավարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «աջակցել կայունությունը վերականգնելու, անվերահսկելի զենքը վերահսկելու և օրենքի գերակայությունն ամբողջ Սիրիայում հաստատելու կառավարության ջանքերին»։

Նաև ընդգծվել է «Իսրայելի կողմից Սիրիայի ներքին գործերին շարունակական բացահայտ միջամտությունը, որը միայն հանգեցնում է քաոսի և ավերածությունների և ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում»։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կառավարական զորքերը դուրս են եկել նահանգից, այնտեղ հրադադար էր հաստատվել, իսկ օրենքի վերահսկողությունը փոխանցվել էր հանձնաժողովի, որը ներառում է կառավարության պաշտոնյաների և դրուզ հոգևոր առաջնորդների։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ աս-Սուեյդայում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ Սիրիայի բանակը դուրս էր եկել աս-Սուեյդայից։