
Մոսկվան Իսրայելից ազդանշաններ է ստանում, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Իսրայելի իշխանությունը խնդրել է ռուսական կողմին փոխանցել Թեհրանին, որ հանձնառու են նպաստելու երկկողմ կարգավորմանը:
«Շարունակում ենք դրական շփումները իսրայելական կողմի հետ» - հավելել է Կրեմլի ղեկավարը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ երկու ղեկավարները քննարկել էին զարգացումները Մերձավոր Արևելքում և խաղաղ կարգավորման հեռանկարը:
Իրանին է անդրադարձել նաև Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատելու է Թեհրանի հետ և հուսով է, որ Իրանը կբարգավաճի՝ չնայած խիստ պատժամիջոցներին:
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Թեհրանը պատրաստ է գործարքի: Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային օբյեկտներին վերջին հարվածներն անհրաժեշտություն էին՝ թույլ չտալու Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ձեռք բերել և ստիպել գնալու խաղաղության: