Իսրայելի զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի հարավային Էլ Կունեյտրայի նահանգի տարածքները: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ Al-Ikhbaria հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել նահանգի հարավում գտնվող Քուդնա բնակավայրից ոչ հեռու գտնվող տարածքը։ Ըստ տեղեկությունների՝ գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները գնդակոծվել են խոշոր տրամաչափի գնդացիրներով։ Պատահարի հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։
Հունվարի 6-ին Սիրիան և Իսրայելը Փարիզում ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացված բանակցությունների նոր փուլի արդյունքներով համաձայնության են եկել ստեղծել մեխանիզմ հետախուզական տվյալների փոխանակման, լարվածության թուլացման և դիվանագիտական փոխգործակցության համար։ Կողմերը վերահաստատել են իրենց ձգտումը՝ հասնելու համաձայնությունների, որոնք կապահովեն անվտանգություն և կայունություն։ Ընդ որում, Սիրիայի անցումային շրջանի կառավարությունը շարունակում է պնդել, որ իսրայելական զորքերը դուրս գան Դամասկոսից հարավ գտնվող ապառազմականացված գոտուց։ Ըստ Սիրիայի իշխանությունների՝ առանց դրա բանակցություններում առաջընթացն անհնար է։
Ավելի վաղ Asharq Al-Awsat թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի և Սիրիայի վրա՝ ստորագրել չհարձակման մասին դաշնագիր, որը կշարունակի երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղին երկարատև թշնամությունից հետո: Վաշինգտոնում պնդում են, որ Արաբական Հանրապետությունը միանա Աբրահամի համաձայնագրերին, որոնք 2020-2021 թվականներին ԱՄՆ միջնորդությամբ կնքվել են արաբական մի խումբ երկրների և Իսրայելի միջև:



