
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի երեք քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտներին, հաղորդել են տեղական լրատվամիջոցները և իսրայելական բանակը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Առաջին հարվածը հասցվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Արաք քաղաքի թիրախներին։ Այնտեղ կա միջուկային համալիր, այդ թվում՝ ծանր ջրի գործարան։ Իսրայելը պնդում է, որ հարձակվել է չգործող միջուկային ռեակտորի վրա։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան ռմբակոծել են «Արաք» ծանր ջրի ռեակտորը, այդ թվում՝ ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքը, որը պլուտոնիումի արտադրության հիմնական բաղադրիչն է», - ասվում է Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Հարձակման է ենթարկվել նաև Խոնդաբայի ծանր ջրի ռեակտորի տարածքը։ IRIB-ի տվյալներով՝ դրա վրա ընկել է երկու հրթիռ, ևս մի քանիսը խփվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Կառույցը նախապես տարհանվել է, արտահոսքի սպառնալիք չկա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել էր, որ հարված է հասցրել Նաթանզի օբյեկտին, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է մշակվել։ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է հարվածների մասին լուրերը և տեղեկացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։