Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլա...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին, որոնք, իսրայելական կողմի տվյալներով, սպառնալիք էին ներկայացնում նրա զինվորականների համար: Այդ մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության ցուցումով գիշերը հարվածներ են հասցրել Բեքաայի հովտում «Հեզբոլլահ»-ի մի շարք ահաբեկչական թիրախների, որոնք սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի թիկունքի հրամանատարության և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի համար», - ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, հարվածի տակ է հայտնվել ստորգետնյա օբյեկտը, որտեղ զենք էր մշակվում ու արտադրվում։ Բացի այդ, ռազմաօդային ուժերը հարձակում են կատարել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող թիրախների վրա, որոնք օգտագործվում էին Լիբանանում «Հեզբոլլահ»-ին մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու համար:

Միևնույն ժամանակ, ըստ հայտարարության, ԻՊԲ ստորաբաժանումները կմնան Լիբանանի հարավում և այնտեղ կգործեն Իսրայելին ու նրա զինվորականներին ուղղված սպառնալիքների դեմ։

2024 թ. նոյեմբերին Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը դադարեցրել են մարտական գործողությունները և կնքել համաձայնագիր, ըստ որի իսրայելական բանակը փուլ առ փուլ դուրս կգա Լիբանանի տարածքից և մինչև հունվարի 26-ը երկրի հարավում իր դիրքերը կհանձնի լիբանանցի զինվորականներին։

Սակայն Իսրայելի կառավարությունում հայտարարել են, որ գործընթացն սպասվածից ավելի երկար կտևի: Իսրայելի իշխանությունները պարզաբանել են, որ ըստ իրենց Լիբանանը դեռ չի կատարել իր բոլոր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում, ուստի լիբանանյան տարածքից զորքերի դուրսբերումը չի հաջողվի ժամանակին ավարտվել։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի համաձայնագիրը մինչև 2025 թ. փետրվարի 18-ը երկարաձգելու մասին։ 

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմն ասել է, որ Իսրայելը զինադադարի պայմանները Լիբանանի հարավում խախտել է ավելի քան 1300 անգամ։ Նա նաև ընդգծել է, որ «Հեզբոլլահ»-ն անհիմն է համարում Լիբանանից ուժերի դուրսբերման ժամկետը երկարաձգելու Իսրայելի որոշումը։