Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան ափն Իսրայելի կողմից բռնակցելու ցանկացած ծրագիր կլինի «կարմիր գիծ» և կհանգեցնի եվրոպական երկրների արձագանքի։ Այս մասին հայտնում է Al Arabia-ն։
«Մասնակի կամ լրիվ բռնակցման ծրագրերը, օրինական կամ փաստացի, կարմիր գիծ են, որին մենք խստորեն կարձագանքենք մեր եվրոպացի գործընկերների հետ», - հայտարարել է Մակրոնը Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Նորաբնակների բռնությունը և կառուցապատման նախագծերի արագացումը հասնում են նոր բարձունքների՝ սպառնալով Արևմտյան ափի կայունությանը և համարվելով միջազգային իրավունքի խախտումներ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Արևմտյան ափին բռնությունների ալիքը կտրուկ աճել է 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակաշրջանից ի վեր իսրայելական ուժերը կամ նորաբնակները Արևմտյան ափում սպանել են առնվազն 1002 պաղեստինցու։
Նույն ժամանակահատվածում, ըստ Իսրայելի պաշտոնական տվյալների, Արևմտյան ափում պաղեստինցիների հարձակումների հետևանքով զոհվել է 43 իսրայելցի, այդ թվում՝ զինվորներ։



