Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները...

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները Միացյալ Նահանգների հովանու ներքո հանդիպել և արդյունավետ քննարկումներ են անցկացնել Փարիզում հունվարի 5-ին և 6-ին։ Բանակցությունները կենտրոնացել են Սիրիայի ինքնիշխանության և կայունության, Իսրայելի անվտանգության և երկու երկրների բարգավաճման վրա: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ձգտելու երկու երկրների համար անվտանգության և կայունության ապահովման: Երկու կողմերը որոշել են ստեղծել համատեղ համակարգման մեխանիզմ՝ հաղորդակցության հատուկ ուղի, Միացյալ Նահանգների հսկողության ներքո հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական լարվածության թուլացման, դիվանագիտական ​​​​շփումների և առևտրային հնարավորությունների անհապաղ և շարունակական համակարգմանը նպաստելու համար», - նշված է ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի կառավարությունների միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ տարածված համատեղ հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատել կողմերի միջև դրական քայլերը և շարունակում է հանձնառու մնալ այդ փոխըմբռնումների իրականացմանն աջակցելու հարցում՝ որպես Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու ավելի լայն ջանքերի մաս:

Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ հասան աշ-Շայբանիի և գլխավոր հետախուզության պետ Հուսեյն աս-Սալամեի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է իսրայելական կողմի հետ բանակցությունների ներկայիս փուլին։

«Բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել 1974 թվականի անջատման համաձայնագրի վերագործարկման վրա, որը կապահովի իսրայելական ուժերի դուրսբերումը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ի սահման», - նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի և Սիրիայի վրա՝ հասնելու համաձայնության, որը կկայունացնի անվտանգության իրավիճակը երկու երկրների սահմանին։ Բանակցությունների վերսկսումը նախագահ Թրամփի կողմից անցյալ շաբաթ Ֆլորիդայում հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված խնդրանքի ուղղակի արդյունքն է։