
Իսրայելական ռազմական մի քանի մեքենաներ զենք և զինամթերք որոնելու նպատակով ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող ալ-Կունեյտրա շրջանի Այն ալ-Նուրիա գյուղ, Ում Բատնա և Սուեյսա գյուղաքաղաքներ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի կողմից սա արդեն երրորդ նմանատիպ ներխուժումն է սիրիական տարածքներ:
Տեղեկություններ կան այն մասին, որ իսրայելական ուժերը ռազմական ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ ու զենքի պահեստներ են ոչնչացրել Թալ ալ-Մալ շրջանում, որոնք նախկինում օգտագործվում էին իրանամետ ուժերի կողմից:
Բացի այդ, Կունեյտրա նահանգի հարավային հատվածում իսրայելական զորքերը ոչնչացրել են սիրիական բանակի նախկին դիտակետ։
Սիրիական օկուպացված Գոլանի հարևանությամբ գտնվող սիրիական գյուղերն ու քաղաքները ականատես են լինում շարունակական ներխուժումների։
Կահիրեում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում իր ելույթում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան նշել է, որ Իսրայելի կողմից սիրիական տարածք շարունակական ներխուժումները պահանջում են արաբական երկրների համախմբված դիմակայում սպառնալիքներին։ Աշ-Շարաան արաբական երկրներին կոչ է արել օժանդակել Սիրիային՝ դադարեցնելու իսրայելական ներխուժումները:
Իր հերթին Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը դատապարտել է Սիրիայում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական էսկալացիան՝ անհանգստություն հայտնելով 1974 թվականի անջատման համաձայնագրի շարունակական խախտումների առնչությամբ: ՄԱԿ-ի հատուկ բանագնացը Իսրայելին կոչ է արել դադարեցնել խախտումները և հարգել իր միջազգային պարտավորությունները, ինչպես նաև բոլոր կողմերին կոչ է արել հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: