
Իսրայելական ուժերը վեց մեքենայով ներխուժել են Սիրիայի Դարաայի նահանգում գտնվող Յարմուքի մի քանի շրջաններ և խուզարկություններ իրականացրել: Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Իր հերթին, Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Իսրայելի հատուկ նշանակության ուժերին պատկանող 3 ուղղաթիռներ վայրէջք են կատարել մայրաքաղաք Դամասկոսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Յաֆուր շրջանում: Իսրայելական հատուկ նշանակության զինվորականները խուզարկություններ են իրականացրել տարածքում գտնվող նախկին իշխանություններին պատկանող գվարդիայի բազայում: Գործողությունը տևել է մոտ հինգ ժամ, որից հետո իսրայելական զինվորականները ուղղաթիռով լքել են Սիրիայի տարածքը։
Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, իսրայելական բանակի զինվորականները հարձակվել են Կունեյտրայի շրջանի ֆերմայի վրա և ձերբակալել երեք քաղաքացու։ Թել Ավիվը պնդել է, որ նրանք առնչություն ունեն Իրանի հետ։
Սիրիայի քաղաքացիները ձերբակալվելուց մի քանի ժամ անց ազատ են արձակվել։
Իսրայելական ուժերը պարբերաբար հարձակումներ են իրականացնում սիրիական տարածքների վրա՝ հայտարարելով, թե դրանով փորձում են վերացնել Իսրայելի նկատմամբ ցանկացած սպառնալիք։