Իսլանդիայի վարչապետն ընդունել է աշնանը Հայաստ...

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։

Ինչպես հայտնում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։

Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունները։

Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության, վերջիններիս դերի բարձրացման անհրաժեշտության մասին՝ նախարար Մկրտչյանը վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին ներկայացրել է նաև մանրամասներ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագիրը կրող համաժողովի վերաբերյալ։

Կատրին Յակոբսդոտիրը ողջունել է նախաձեռնությունն ու ընդունել ՀՀ կողմից հրավերը՝ հոկտեմբերին նախատեսվող համաժողովին մասնակցության։