Իսլանդիան կարող է Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները վերսկսելու հարցով հանրաքվե անցկացնել օգոստոսին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների։ Երկրի խորհրդարանը քվեարկության ամսաթիվը կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում։
Կառավարող կոալիցիան խոստացել էր հանրաքվեն անցկացնել մինչև 2027 թվականը, սակայն արագացրել է ժամկետները՝ աշխարհաքաղաքական ցնցումների պատճառով։ Դրանց թվում են ամերիկյան մաքսատուրքերի ներդրումը և Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի սպառնալիքները: Իսլանդիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Բիլլի Լոնգը կատակել է, թե երկիրը կդառնա «52-րդ նահանգը», իսկ Թրամփը Դավոսի համաժողովում իր ելույթի ժամանակ չորս անգամ հիշատակել է Իսլանդիան՝ Գրենլանդիայի հարցը քննարկելիս։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ ԵՄ ընդլայնման շուրջ քննարկումները «ավելի ու ավելի են կապվում անվտանգության և մրցակցող ազդեցության գոտիների աշխարհում գործելու կարողության հետ»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը ընդգծել է, որ գործընկերությունը «կայունություն է ապահովում անկայուն աշխարհում»։
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2009 թվականին՝ ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին, երբ երկրի երեք խոշորագույն բանկերը փլուզվել են: Սակայն 2013 թվականին կառավարությունը սառեցրել է բանակցությունները, իսկ 2015-ին խնդրել է հանել իր թեկնածուի կարգավիճակը:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Իսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու աջակցության աճ կա: Բանակցությունները կարող են ընթանալ արագ. Իսլանդիան անդամակցում է Եվրոպական տնտեսական գոտուն և Շենգենյան համաձայնագրին, իսկ մինչ սառեցումը հասցրել է փակել բանակցային 33 կետերից 11-ը:



