Իսլանդիան հանրաքվե կանցկացնի ԵՄ-ին անդամակցու...

Իսլանդիան առաջիկա ամիսներին հանրաքվե կանցկացնի Եվրամիությանն անդամակցության բանակցությունները վերսկսելու շուրջ, հայտարարել է երկրի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտիրը Լեհաստան այցի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Առաջիկա ամիսներին հանրաքվե կանցկացնենք անդամակցության բանակցությունները վերաբացելու շուրջ, որպեսզի Իսլանդիան, հնարավոր է, միանա ԵՄ-ին», - ասել է վարչապետ Ֆրոստադոտիրը փետրվարի 25-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Իսլանդիան 2013 թվականին՝ չորս տարվա բանակցություններից հետո, հրաժարվել էր ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններից: Սակայն, ըստ հարցումների, ապրուստի գների աճը և ռուս-ուկրաինական պատերազմը կրկին նման ցանկություն են առաջացրել կղզի-պետության բնակիչների մոտ: Reuters-ը նաև որպես պատճառ նշում է Գրենլանդիան բռնակցելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները. Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիան գտնվում է Միացյալ Նահանգների և Իսլանդիայի միջև:

Իսլանդիան արդեն իսկ ԵՄ միասնական շուկայի, Շենգենյան գոտու և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի մաս է կազմում: Գրեթե 400 000 բնակչություն ունեցող երկիրը նաև ՆԱՏՕ-ի անդամ է: