
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և երկու պետությունների միջև հարաբերությունների հաստատումը։
Այս մասին հայտնել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
Գլխավոր քարտուղարությունը բարձր է գնահատել այս համաձայնագիրը, որը կամրապնդի անվտանգության և կայունության հիմքերը կովկասյան տարածաշրջանում ու կհաստատի ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման գործում խաղաղ միջոցների արդյունավետությունը։
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկխոսության շարունակմանը։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։