«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի: Քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են հայաստանյաց առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ: Այս պահին կալանավորված է երեք հոգևոր թեմի առաջնորդ և ընդամենը մի քանի օր առաջ չորրորդ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որը նույնպես ազատության սահմանափակում է: Քրեական հետապնդման են ենթարկվում կալանավորված կամ տնային կալանքի տակ են հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների, ընտանիքների անդամներ և հարազատներ: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավագանիներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Այս մարդիկ կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար: Այս մարդիկ ձերբակալվել, կալանավորվել են, որովհետև կանգնած են պետական շահերի պաշտպանության դիրքում: Այս մարդիկ կալանավորվել են ազատ խոսքի համար, կալանավորվել են, որովհետև պատրաստ են պաշտպանել եկեղեցին և մեր ազգային արժեքները: Կալանավորվել են, որովհետև համաձայն չեն այս իշխանությունների վարած քաղաքականության հետ և ընդվզել են դրա դեմ: Նրանց նկատմամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում և հետևաբար վերջիններս հանդիսանում են ԵԽԽՎ 2012 թ․ 1900 բանաձևով նախատեսված չափանիշների համապատասխան քաղբանտարկյալ:
Ուստի այս հայտարարությամբ արձանագրում ենք, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական և իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային, այդ թվում ԵԽ-ի անդամ պետությունների պարտավորություններին: Փաստում ենք, որ տեղի ունեցողը անմիջականորեն հրահրվում և ուղղորդվում է, համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից: Լիակատար համերաշխություն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին և նրանց ընտանիքներին: Պահանջում ենք դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում: Պահանջում ենք մարդու իրավունքների պաշտպանից հստակ գնահատականներ: Քաղբանտարկյալների հետապնդումների առնչությամբ հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղբանտարկյալների իրավունքների և ազատությունների պաշտպանություն»,- ասաց նա:
ՔՊ-ն դեմ քվեարկեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության այս բանաձևին։
Մանրամասն՝ տեսանյութում։



