Իշխանությունը փորձում է օրենքով վերահսկել ընտ...

Ընտրական օրենսգրքով փոփոխություններ են բերում, որով, ըստ էության, հայ ժողովուրդը կարող է գնալ, քվեարկել համապետական ընտրություններում, մի պատկեր առաջացնել, բայց հետագայում արտակարգ դրության, ռազմական դրության հայտարարման միջոցով դա առոչինչ դառնա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ապա նա պարզաբանեց, որ այսինքն, ժողովուրդը գնում է քվեարկում է, ուզում է իր ուզած ձևով իշխանություն ձևավորել, բայց որևէ մեկի դուրը դա կարող է չգալ, կարող է արտակարգ դրություն հայտարարել ընտրությունների քվերակության օրը լինելուց հետո, և ապա կարիք կլինի նոր ընտրությունների:

Ըստ պատգամավորի, եթե արտակարգ դրությունը հայտարարվի մինչև քվեարկության օրը, կարելի է քննարկել և եթե ֆորսմաժոր է կարելի է կասեցնել, բայց երբ քվեարկությունը տեղի է ունեցել, ու դա հաշվի չառնել, գնալ նոր ընտրության, դա անընդունելի է ժողովորդավարության առումով:

«Մտավախությունը շատ հստակ է: Փորձելու են վերահսկել, այդ մարդիկ կառչած են այս աթոռներից: Դժբախտաբար, իշխանությունների սինդրոմը դա է՝ ամեն իշխանության թվում է, թե ինքը հավերժ է, բայց ամեն իշխանություն հեռացվում է յուրովի, հիմա նրանք էլ իրենց ձևով են հեռացվելու, այնպես չէ, որ կրկնվելու է նախորդներինը: Ամեն մեկը յուրովի հեռացվել է և հեռացվելու է, հիմա իրենց համար երաշխիքներ ստեղծելու խնդիր գոյություն ունի՝ երկարաձգել, հավերժացնել իրենց իշխանությունը»,- ասաց Ռոսւտամյանը:

Պատգամավորը հավելեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա: «Նման բան պատկերացնո՞ւմ եք աշխարհում ընդունվի, նման բան չի եղել, չէր էլ կարող լինել, բայց կարող են արտակարգ դրություն հայտարարել, չեղարկել այն ընտրությունների արդյունքները, որն իրենց  դուր չի գալիս»,- ասաց նա: