«Հրապարակ» թերթը գրում է ․ Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:
Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է: Նա է որոշում՝ ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի: ԱԺ է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ավելին՝ անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը: Իսկ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ո՛չ խոսում է մանդատից հրաժարվելու, ո՛չ էլ մանդատ վերցնելու մասին:
Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը, իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված՝ Փաշինյանը որեւէ որոշում չունի, քանի որ նրան մարզում, առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում, չեն սիրում եւ չեն ընդունում: Բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որեւէ պաշտոն չզբաղեցնել։



