
Քաղաքացիական հասարակության սորոսական թևը որոշել է իշխանության սև գործն անել: Շատերի համար էր սպասելի, որ դատական իշխանության հարցը լուծելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թիրախավորելու է ԶԼՄ-ներին: Դատական իշխանության հարցի լուծումը ի օգուտ իշխանությունների կարծեք իրականություն է դառնում: Հիմա հերթը ԶԼՄ-ներինն է: Հայաստանում գործող մի շարք լրատվամիջոցներ իրենց գործունեությամբ անհարմարություններ են պատճառում իշխանություններին, ուստի ամեն բան արվելու է, որպեսզի լռեցվեն անհնազանդ ձայները:
Որպեսզի իշխանությունները Արևմուտքում խնդիրների առաջ չկանգնեն՝ լրատվամիջոցների դեմ արշավը կնախաձեռնեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ ավելի կոնկրետ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները: Հիմնականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը արդեն իսկ առաջարկով է հանդես եկել: Կազմակերպությունը իր պաշտոնական էջում հրապարակել է տեսանյութ, որով բացատրվում է, թե ինչու՞ պետք է ԶԼՄ մասին օրենքը փոխվի և մի շարք խստացումներ դրվեն նոր օրենքում:
Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպությունը ըստ էության շարունակություն և նոր թափ է տալիս լրատվամիջոների դեմ սկսված արշավի: Հիշեցնենք, որ սորոսական մի քանի այլ կազմակերպություններ էլ փոփոխություններ են առաջարկում Հեռուստատեսության և ռադիոյի մաիսն օրենքում, որով լուրջ դժվարություններ են ստեղծվելու մասնավոր հեռուստաընկերությունների համար:
Այս նախաձեռնությունները հանրավորություն են տալու իշխանություններին սկսել լուրջ ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ: Կարևորն այն է, որ ըստ պլանի իշխանություններն իրենք չեն նախաձեռնել այն, այլ «քաղաքացիական հասարակությունը»: