Դեռ պատերազմից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված էին։ Պատճառը ինչպես մեզ հայտնի դարձավ անձնական բնույթի է եղել՝ Փաշինյանը հայհոյանքով է խոսել Մարությանի հետ, ինչից հետո վերջինս որոշել է խզել իր կապերը իշխող թիմի հետ։
Ընտրություններից հետո այդ հարաբերությունների սրությունը հատկապես ակնառու դարձավ։ Հայկ Մարությանը ոչինչ չարեց, որպեսզի իշխող թիմը Երևանում հաղթի և ըստ էության Փաշինյանը պարտվեց մայրաքաղաքում՝ հավաքելով 41 տոկոս ձայն։ Սա հանրապետության տարածքում ամենացածր ցուցանիշն էր Սյունիքից հետո։
Հիմա, երբ իշխանություններին հաջողվել է վերարտադրվել, թիվ մեկ խնդիր է դարձել Հայկ Մարությանին հեռացնել։ Հրապարակային առաջին «ծիծեռնակն» արդեն թռել է։ Փաշինյանի մտերիմ Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է Հայկ Մարությանի պաշտոնավարման նպատակահարմարության մասին․ «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել: Կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Նա, ըստ էության, ակնարկում է, որ կուսակցությունում ցանկանում են, որ Հայկ Մարությանը հեռանա, բայց քանի որ քաղաքապետը ինքնակամ չի ցանկանում հեռանալ, ապա նրան հիշեցնում են, որ նա ընտրվել է իրենց շնորհիվ և որ ճանապարհներ են փնտրում, որպեսզի հեռացնեն նրան առանց ավելորդ աղմուկի։
Հայկ Մարությանն էլ իր հերթին հասկացնում է, որ չի պատրաստվում հեռանալ։ ՔՊ-ի երեկվա հարձակումից հետո այսօր Հայկ Մարությանն իր էջում գրառում է արել քաղաքային տրանսպորտի խնդիրների և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին․ «Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար:



