Իշխանությունները փորձում են դուր գալ Թուրքիայ...

ՀՀ իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս ադրբեջանամետ եւ թուրքամետ թեզերով, որպեսզի դուր գան Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները վաղուց չեն ներկայացնում հայ ժողովրդին եւ տառապում են ստոկհոլմյան համախտանիշով՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը  եւ սպասարկելով Թուրքիայի օրակարգը։ «Իշխանությունները պետք է խոսեն Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման մասին, որը Հայոց ցեղասպանության չճանաչման հետեւանքն է։ Նրանք պետք է դատապարտեին հայկական տների գնդակոծությունները, ինչը, սակայն, չի կատարվում։ Նման վարքագիծը հակառակորդին նոր սադրանքներ իրականացնելու հնարավորություն է տալիս»,- ընդգծել է Թանդիլյանը։

Նա նշել է, որ սահմանազատումը եւ սահմանագծումը հանկարծ ավարտվեցին, երբ իշխանությունները հանձնեցին չորս գյուղեր Տավուշում, որտեղ Հայաստանի համար ամենանպաստավոր մարտական դիրքերն էին գտնվում։ «Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Ջերմուկից սահմանազատման արդյունքո՞ւմ»,- հռետորական հարց է տվել ընդդիմադիրը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ իշխանությունները պատրաստ են արտահայտել ցանկացած միտք եւ անել ամեն ինչ իրենց աթոռները պահելու համար։