Իշխանությունները հասկանում են, որ Գյումրիի ըն...

Իշխանությունները հասկանում են, որ իրենք արդեն պարտվել են Գյումրիի ընտրություններում: Այս մասին մարտի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Լավ հասկանալով, որ իրադարձությունների զարգացումը կարող է տարածվել համազգային մակարդակի վրա՝ իշխանությունները գնում են անօրինական քայլերի:

Ընտրակեղծարարները հենց իրենք են: Մենք տեսել ենք, թե ինչպես են չարաշահում վարչական ռեսուրսը։ Այս դեպքում գողը ամենաբարձրն է բղավում՝ բռնեք գողին»,-ասաց նա:

Թեւանյանը հավելեց, որ  «Մայր Հայաստան» դաշինքի Գյուրիի գրասենյակում խուզարկությունների արդյունքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել. «Սա ընդամենը վախի մթնոլորտ ստեղծելու եւ մեր դաշինքի շտաբների աշխատանքը խոչընդոտելու փորձ է, սակայն դրանք չեն ստացվի եւ հակառակ էֆեկտը կունենան։ Իմ տեղեկություններով՝ բերման ենթարկված Էմմա Գրիգորյանն արդեն ազատ է արձակվել։ Փաստաբաններն աշխատում են մեր մնացած գործընկերներին, որոնք նույնպես բերման են ենթարկվել, ազատ արձակելու հարցով»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Նա հավելեց, որ այսօր ամփոփիչ հանրահավաք է լինելու՝ ենթադրելով, որ դա կանխելու նպատակ է հետապնդում ապօրինի քաղաքական հետապնդումը։

«Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Փաշինյանի հրահանգով։ Նրա երեկվա անհավասարակշիռ պահվածքը ցույց է տալիս, որ նա լուրջ խնդիրներ ունի, վախենում է Սահակաշվիլիի ճակատագրի կրկնությունից և դիմում է անօրինական գործողությունների։ Նա հասկանում է, որ Գյումրիում իր քաղաքական կուսակցությունը բաժանված է 15 մասի և գիտակցում է, որ այս քաղաքում ընտրությունների արդյունքները լուրջ ազդեցություն կունենան ապագա խորհրդարանական ընտրությունների վրա, ուստի նա նման քայլերի է դիմում։ Բայց այս ամենը բումերանգի էֆեկտ կունենա։

Մեր նվազագույն ծրագիրը Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանությունից զրկելն է, իսկ առավելագույնը՝ վերցնել քաղաքի կառավարումը մեր ձեռքը:

Մենք բացառում ենք իշխանությունների հետ համագործակցությունը: Միաժամանակ մենք ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորություններ ենք տեսնում։ Պետք է ամեն ինչ անենք, որ ընդդիմությունը կարողանա փոփոխությունների հասնել»,- նշեց Թևանյանը։

Հիշեցնենք, որ այսօր իրավապահները քրեական գործ են հարուցել նաև ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու և հոր նկատմամբ։ Բացի այդ, երեկ խուզարկություններ են կատարվել նաև Վարդենիսի քաղաքապետարանում՝ կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որից հետո քաղաքապետարանի երեք աշխատակիցներ ձերբակալվել են։