
Մինչ 2024 թ. պետական բյուջեի շրջանակում ԱԺ–ում հնչում են սպառնալիքներ, հոխորտանքներ եկեղեցու, քաղաքական ուժերի, հանրային գործիչների, գործարարների ՀԷՑ–ի սովորական աշխատողների հանդեպ, մեր շուրջ խորանում է աշխարհաքաղաքական ճգնաժամը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ու այստեղ հարց է առաջանում` դուք ադեկվա՞տ եք։ Դուք իսկապե՞ս չեք տեսնում, թե մեր շուրջն ինչ է կատարվում։ Կամ` դուք իսկապե՞ս ադեկվատ եք, երբ գալիս եք ԱԺ ամբիոնից խոսում եք ազգայնացման մասին. ես չեմ կասկածում` անելու եք, խլելու եք…եթե պետք եղավ, ձեր շարքերում եղած, օրումեջ մի սուպերմարկետ բացող գործարարների գույքն էլ եք ազգայնացնելու»,– հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով` իշխանությունն իր այս անհեռատես քայլերով լուրջ հարվածի տակ է դնում առկա և ապագա ներդրումները ՀՀ-ում, որոնք առանց այն էլ վերջին տարիներին խիստ նվազել են։
«Ցանկացած ներդրողի համար կա մի քանի չափանիշ` կայունություն, կանխատեսելիություն ու վստահելի իրավական համակարգ։ Հիմա յուրաքանչյուր ներդողի համար միայն մեկ բան է կանխատեսելի` որ ոչ մի բան այս երկրում կանխատեսելի ու կայուն չէ։ Հիմա ինչպե՞ս կկոչեք այն մարդուն, որ կցանկանա ՀՀ-ում ներդրում անել` արկածախնդի՞ր, անհեռատե՞ս։
Բացի այս ամենից, եթե ներդրողը չալարի ու ուսումնասիրի գործադիրի ղեկավարի ֆեյսբուքյան էջը, կհասկանա, որ երկրում ամեն բան այնքան անլուրջ է, որ աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում մեր իշխանությունները, մոմը ձեռքներին, կուսության հարց են որոշում։
Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին, ապա մի խելքը գլխին ու համարձակություն ունեցող օգնական չունե՞ք, որ զգուշացնի, որ այդ գրառումները վաղը քրեական գործերի հիմք են դառնալու։ Կամ` զգուշացնի, որ երկու օր անընդմեջ քաղաքական հետապնդում իրականացնելու գրառումներն առերևույթ գոնե ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի առիթ են»,- նշեց Վարդանյանը։