Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթուղթը որոշակի ուղղություններում ներկայացնում էր հնարավորությունների որոշակի սահմանափակ դաշտ, որի պայմաններում Հայաստանը ու ԱՄՆ-ն կարող են իրենց հարաբերությունները խորացնել. եթե սա տեղի ունենար նորմալ իրավիճակներում և նորմալ իշխանությունների պայմաններում, ապա կարելի էր բովանդակային առումով ամբողջության մեջ գնահատել հնարավոր շահերը, որը կարող էր ստանալ Հայաստանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության կանոնադրությանը:
Նա նկատեց, որ կոնկրետ պաշտպանվածության տեսանկյունից այդ փաստաթղթում ներառված դրույթները, քաղաքական և ռազմական ոլորտում խորհրդատվության մասով, ռազմական կրթության, ուսուցման և այլն, դրանք որոշակի ծավալով նախորդ իշխանությունների ժամանակահատվածում իրականացվել են, այդ թվում նաև Հայաստանի տարբեր ռազմական մասնագետների, սպաների, փորձագետների ԱՄՆ այցերով, կրթական տարբեր ծրագրերում մասնակցությամբ:
«Այն, ինչ որ նշվեց Հայաստանի սահմանին որոշակի խմբերի աշխատանքի առումով, դրանք, ըստ էության, դեռևս որևէ բան չեն ասում, ոչ փորձագիտական ոչ էլ առավել ևս հասարակության լայն խմբերին: Հստակ չէ, թե այդ աշխատանքը ինչ բնույթ է կրելու, ինչ խորությամբ:
Օրինակ, սահմանապահ ծառայության մասով ԱՄՆ-ն նախորդ տասնամյակում բավականին մեծ սատարում և աջակցություն են ունեցել ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի և սպառազինության, տարբեր սարքավորումներով վերազինելու առումով: Այսինքն եթե սա քննարկում ենք Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության տեսանկյունից, ապա դրա տարբեր դրսավորումները այլ փաստաթղթերով կարգավորվել և իրականացվել է։ Խորությունը այս փաստաթղթով որևէ ձևի ներառված չէ և պարզ չէ, թե սա ընդհանուր անվտանգային միջավայրի համար ի՞նչ կարող է տալ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։