ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:
Ողջունելով՝ Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար՝ նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր՝ զարգացնելու եղած կապերը՝ նոր որակ հաղորդելով դրանց:
Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը՝ այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին: «Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին, քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաեւ Շուշիի հռչակագրի ընդունումը իրենց խորհրդարանների կողմից»,-նշել է Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծել է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Ավստրալացի պատգամավորների դիտարկմամբ՝ հայ-ավստրալական բարեկամությունը երկար պատմություն ունի, իսկ երկու երկրներն էլ՝ շատ ընդհանրություններ: Պատգամավորները նշել են, որ եղել են Հայաստանում եւ հետաքրքրված են Արցախով եւ Հայաստանով: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը՝ կանխելու համար նման գործողությունների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ավստալական կապերի զարգացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: