«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը պնդում է, որ իրհամար որևէ անակնկալ չկար, որ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գործը կկարճվի, անակնկալ չկար, որ, փաստորեն, ինքն է միջադեպի միակ և հնարավոր մեղավորը։ Այս մասին նա ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ի պատասխան լրագրողների հարցերի։
Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սահմանում է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Դանիելյանը դատարան էր եկել հատուկ շապիկով, որի մասին նա ասաց․«Ես ստիպված կլինեմ այս առիթն օգտագործել հանրությանն ինչ-որ օգուտ տալու համար, կգովազդեմ համաշխարհային մշակույթի կարևորագույն գործերից մեկը՝ «Եղջերուների որսորդը» ֆիլմը»։
Նա նշեց՝ դատախազն այսօր հրաժարվել է ներկայանալ նիստին, և այն հետաձգվում է։ «Դեպքը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ, առաջին նիստը պետք է տեղի ունենար մեկ տարի հետո, սակայն տեղի չի ունենա։ Չեմ պատկերացնում՝ երբ դատավարությունը տեղի կունենա։ Սա ինձ համար նույնպես անակնկալ չէ»,-ասաց Դանիելյանը՝ նշելով նաև, թե քաղաքական առումով այս ամենը շատ մեծ նշանակություն ունի։
«Մանավանդ վերջին կես տարվա ընթացքում իրենց ընդդիմադիր համարող գրեթե բոլոր քաղաքական գործիչները իրենց ելույթներում պնդում են, որ այս իշխանություններն ու նրանց կամակատարները պետք է րոպե առաջ հեռանան, նույնիսկ՝ սպանվեն, բայց, ի հեճուկս բոլոր այդ կոչերի, որևէ բան տեղի չի ունենում։ Ըստ էության, այս իշխանության ներկայացուցիչներից ընդամենը երկու հոգի են խնդիր ունեցել փողոցներում՝ մեկը՝ Ալեն Սիմոնյանը, մյուսը՝ Արարատ Միրզոյանը։ Իմ կարծիքով՝ ամենակարևոր հարցը, որ հանրությունն ինքն իրեն պետք է տա, հետևյալն է՝ որն է պատճառը, որ քաղաքական գործիչները անընդհատ հայտարարություններ են անում, բայց դրանք ոչ մեկը կյանքի չի կոչում»,-ասաց Դանիելյանը։



