ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պանամայի ջրանցքի հետ կապված իրավիճակի կարգավորման համար ամերիկյան զինվորականների ներգրավման կարիք չի լինի։
«Չեմ կարծում, թե Պանամայում զորքեր պետք կգան։ Պանամայի ջրանցքի ցուցանակների 70 տոկոսը գրված է չինարեն։ Սա սխալ է, այն նախատեսված չէ Չինաստանի համար, դա չպետք է արվեր»,- ասել է նա Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում։
Թրամփը կրկին նշել է, որ «Չինաստանը վերահսկում է Պանամայի ջրանցքը»։ «Այն հիմարաբար տրվել է Պանամային, բայց նրանք խախտել են պայմանագիրը, եւ մենք այն հետ կվերցնենք, հակառակ դեպքում շատ հզոր բան տեղի կունենա»,- ասել է նա՝ չմանրամասնելով։
ԱՄՆ նախագահը հունվարի 20-ին իր երդմնակալության ելույթում հայտարարել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին։ Նախկինում նա բազմիցս հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է վերադարձնի ջրանցքի վերահսկողությունը, քննադատել է դրանով անցման բարձր սակագները՝ ընդգծելով, որ 1999թ. ջրանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցումը «համագործակցության ժեստ» էր, այլ ոչ թե զիջում այլ երկրներին։