«Իրավիճակի նման զարգացումը Անդրկովկասում ահաբ...

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչներին։ Զախարովան ասել է, որ ըստ ստացվող տեղեկությունների, «Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ»։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի՝ խոսքը գնում է ռադիկալ տրամադրություններ ունեցող վարձկանների մասին, ովքեր ջիհադիզմի գաղափարախոսության կրողներ են։

«Այդ ամենը չի կարող Մոսկվայի մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ իրավիճակի նման զարգացումը Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի առաջացման վտանգ է պարունակում», – ասել է Զախարովան։

Զախարովան ևս մեկ անգամ հակամարտության կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն դրսևորել, խուսափել խաղաղ բնակչությանն ուղղված հարվածներից և թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը հակամարտությանը։ Նա նաև շեշտել է հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը։