Շատ մարդիկ օրինական զենք ունեն, ինչո՞ւ եք նրա...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերին, վստահեցրեց՝ ակնկալիքներ չունի դատարանից, քանի որ առկա միտումները հստակ ցույց են տալիս՝ գործերը քաղաքական հարթության մեջ են:

«Ես որևէ դրական ակնկալիք դատարանից չունեմ։ Ակնհայտ է, որ այս գործով բոլորին դատարանները կալանավորեցին։ Հաշվի առնելով նաև, թե որ դատավորին է մակագրված այս գործը, և վերջինս ինչպես է նախկինում որոշումներ կայացրել այլ` ոչ պակաս անհիմն գործերով՝ միամտություն կլինի կալանքից բացի, այլ որոշում ակնկալել։ Իրավապահ համակարգը, ինչպես նաև դատական համակարգի զգալի մասը դարձել են իշխանության հլու կամակատարները»,-ասաց Վարդանյանը։

Նա հիշեցրեց նաև, որ գլխավոր դատախազն անձամբ ներկա էր խորհրդարանի վերջին նիստի աղմկոտ միջադեպին, սակայն մինչ օրս դատախազությունը որևէ արձագանք չի տվել:

«Դատախազը լուռ հետևում էր այն ամենին, ինչ կատարվում էր իր աչքի առաջ։ Սա այն դատախազն է, որ շատ ակտիվ փուչիկ գործեր է կարում, բայց երբ երեկ ամեն ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում՝ ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում։ Երբ իրեն հրահանգ են տալիս, օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով, միանգամից հաղորդում է ներկայացնում, շատ հետևողական է։ Բայց երբ միջադեպն իր առաջ է տեղի ունենում՝ լռում է։ Սա կրկին խոսում է այն մասին, որ ողջ համակարգը կազմալուծված է, մասնագետներն անգամ այլևս չեն հարգում սեփական մասնագիտությունը», – ընդգծեց պատգամավորը։

Էլինար Վարդանյանը քննադատեց իշխանության կողմից շրջանառվող թեզը, թե իբր կանխվել է «նոր հոկտեմբերի 27»:

«Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Այն, ինչ ներկայացվում է որպես ահաբեկչության նախապատրաստում, իրականում հիշեցնում է բակային զրույցներ կամ սրճարանային խոսակցություններ։ Եթե գունավոր պայթուցիկներն ու կոշիկի մեխերը ներկայացվում են որպես ահաբեկչական սպառնալիք, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած քաղաքացու համարել պոտենցիալ ահաբեկիչ, միայն նրա համար, որ օրինական զենք ունի կամ տանը դանակ»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը նաև անդրադարձավ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքներին՝ շեշտելով, որ իրավական գնահատական կարող է տրվել միայն ապացույցների առկայության պարագայում։

«Նախ պետք է ապացուցվի, որ Սևանի առանձնատունը պատկանում է հենց Սեյրան Օհանյանին, այնուհետև՝ թե այնտեղ ինչ ապօրինություններ են եղել։ Ես այնտեղ չեմ եղել, չեմ տեսել։ Լուսանկարներից բացի՝ որևէ բան չունեմ հիմք ընդունելու։ Իսկ եթե շինությունն ապօրինի էր՝ ինչու չէիք քանդում դեռ 2017-ից, երբ գործն արդեն կար։ Կամ միայն ընդդիմադիրների՞ շինություններն են ապօրինի»,-եզրափակեց պատգամավորը։