Իրաքյան Քրդստանի նավթահանքերից մեկում պայթյու...

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի Դահուկ նահանգի հյուսիսային հատվածում գտնվող Սարսանգի նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է իրաքյան Shafaq լրատվական հեռուստաալիքը։

Հանքավայրում գործող ամերիկյան HKN նավթային ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ հուլիսի 15-ի առավոտյան մոտավորապես ժամը 7:00-ին Սարսանգի հանքավայրում անհայտ պատճառով տեղի է ունեցել պայթյուն, որը հանգեցրել է հանքի գործունեության դադարեցման։

«HKN Energy-ն հաստատում է Սարսանգի հանքավայրում տեղի ունեցած միջադեպը. անձնակազմի բոլոր անդամներն անվնաս են։ Միջադեպի պատճառը ներկայում հետաքննվում է: HKN Energy-ն սկսել է վնասի լիարժեք գնահատում և սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ արձագանքը կառավարելու և շրջակա համայնքների անվտանգությունն ապահովելու համար», - նշվել է հայտարարության մեջ:

Ընկերությունը պայթյունի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդել, սակայն հայտնել է նյութական վնասների մասին։ Հրշեջները ներկայում աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։

Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ Քրդստանի շրջանի մայրաքաղաք Էրբիլում գտնվող Խորմալայի նավթահանքը հուլիսի 14-ի երեկոյան հարձակման է ենթարկվել երկու պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքերով։ Հարձակման հետևանքով մարդկային զոհեր չեն արձանագրվել։