Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության խոր մակարդակը, անդրադարձել համատեղ ծրագրերի ընթացքին և տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

«Վարչապետը շնորհավորել է վերջինիս՝ դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Խալիլ Շիրղոլամին շեշտել է երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։ Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Խալիլ Շիրղոլամին շեշտել է՝զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս»,- ասվում է հաղորդագրությունում։