Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անձամբ է հետևում Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունների կատարմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես անձամբ ամեն շաբաթ հետևում եմ համաձայնագրերի կատարմանը, իսկ նավթի, գյուղատնտեսության զարգացման և էներգետիկայի նախարարները նույնպես հատուկ պատասխանատու են համատեղ պարտավորությունների կատարման հսկողության և արագացման համար», - մեջբերել է Փեզեշքիանի խոսքը նրա մամուլի ծառայությունը։
Նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը լի է վճռականությամբ՝ իրականացնելու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը բոլոր բնագավառներում լրիվ ծավալով և ամենակարճ ժամկետներում:
«Մենք լի ենք վճռականությամբ՝ իրականացնելու այդ փաստաթուղթն արագորեն և լրիվ ծավալով: Ավելի վաղ պայմանավորված բոլոր բնագավառներում, ներառյալ տրանսպորտը, էներգետիկան, նավթը և գազը, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, պաշտպանությունը, ինչպես նաև համագործակցությունն անվտանգության ոլորտում, համաձայնությունների կատարման գործընթացը շարժվում է լավ տեմպով», - ասել է Իսլամական Հանրապետության նախագահը:



