Իրանը Դոնալդ Թրամփին մեղադրել է ահաբեկչության հրահրման մեջ՝ երկրի ենթակառուցվածքներին հնարավոր հարվածների վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։ Թեհրանում կարծում են, որ խոսքը քաղաքացիական բնակչությանն ուղղված սպառնալիքի և պատերազմական հանցագործության հատկանիշների մասին է, և միջազգային հանրությանը կոչ են անում միջամտել։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները երկրի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին և էներգետիկ օբյեկտներին հասցվելիք հնարավոր հարվածների մասին։
X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ Թեհրանը նման արտահայտություններն անվանել է քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչության ուղղակի և հրապարակային հրահրում և հայտարարել պատերազմական հանցագործության հատկանիշների մասին։ Իրանը նաև կոչ է արել միջազգային հանրությանը գործել հենց հիմա՝ հետագա էսկալացիան կանխելու համար։
Թեհրանում ընդգծել են, որ նման գործողությունները հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, ներառյալ Ժնևյան կոնվենցիաների նորմերը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ կողմերին կոչ էր արել հրաժարվել էսկալացիայից և վերադառնալ կարգավորման դիվանագիտական մեխանիզմներին։
Թեհրանի արձագանքի առիթն են դարձել Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի ենթակառուցվածքներին հնարավոր հարվածների մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր կամուրջներին և էներգետիկայի օբյեկտներին։
ԱՄՆ նախագահը Truth Social-ի հրապարակման մեջ սպառնացել է, որ ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։ Նա նշել է կոնկրետ ժամկետ և հայտարարել, որ հակառակ դեպքում երկրում «ոչ էլեկտրակայաններ կմնան, ոչ էլ կամուրջներ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Truth Social-ում նախօրեին դիմել էր Իրանին՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։
«Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանի և կամրջի օր, բոլորը միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փա՛ռք Ալլահին»,- գրել էր Թրամփը։
Ավելի ուշ նա ևս մեկ կարճ գրառում էր արել․ «Երեքշաբթի՝ ժամը 20:00-ին»։



