Իրանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին հարևան երկրներ տեղափոխելու վերաբերյալ առաջարկը՝ նախազգուշացնելով, որ դա կլինի «էթնիկ զտում»: Այս մասին գրում է The Guardian-ը:
Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին ասել է, որ միջազգային հանրությունը պետք է օգնի պաղեստինցիներին «ապահովելու իրենց ինքնորոշման իրավունքը... այլ ոչ թե այլ գաղափարներ առաջ քաշելու, որոնք հավասարազոր կլինեն էթնիկ զտումների»:
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում հարևան արաբական երկրներում Գազայի հատվածի այն բնակիչներին վերաբնակեցումը, որոնք իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնց առաջարկվում է վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս՝ մասնավորապես Հորդանանում և Եգիպտոսում։ Թրամփի առաջարկը դատապարտել են Պաղեստինի ինքնավարությունը, ՀԱՄԱՍ խմբավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները:
Հորդանանում արդեն մի քանի միլիոն պաղեստինցիներ են ապրում, մինչդեռ տասնյակ հազարներն ապրում են Եգիպտոսում: Երկու երկրները և արաբական այլ պետությունները մերժել են Գազայի պաղեստինցիներին իրենց երկրներ տեղափոխելու գաղափարը: