
Հայաստանի համար իրադրությունը թեեւ չափազանց բարդ է, սակայն այնուհանդերձ, նաեւ հարկ է դրական քայլերն էլ նկատել, հատկապես՝ ռեգիոնալ քաղաքական հարթության վրա կատարվող իրադարձությունները։ Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղըր Ղալիբաֆը Ռուսաստան եռօրյա այցից հետո վերադառնալով Թեհրան, հայտարարել է, որ Եվրասիակական տնտեսական միությանը երկրի մշտական անդամակցության վերաբերյալ նախնական աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, քանի որ Թեհրանը սկսել է բանակցությունները դրա համար:
Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Հայտնի է, որ Ղալիբաֆի այցը իրականացվել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հրավերով։ Այցն ինքնին մեզ համար քիչ նշանակություն ունի մեծ հաշվով, սակայն այն, որ Իրանը պատրաստվում է միանալ ԵԱՏՄ-ին, արդեն դրական է Հայաստանի համար։
Սա նշանակում է, որ վերջապես Հայաստանը ԵԱՏՄ հետ ունեցավ ուղիղ ցամաքային սահման, ինչը հնարավորություն կտա Հայաստանին առավել լավ իրացնել այն հնարավորությունները, որոնք առկա են ԵԱՏՄ ներսում։ Բացի այդ, ավելանում է Հայաստանի հարավի ռազմավարական նշանակությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանի հարավում կտրուկ մեծանալու է ռուսական ազդեցությունը, ինչն իր հերթին կսահմանափակի իշխանություններին թուրքամետ որեւէ քայլ կատարելուց։