
Իրանը պատրաստ է Իսրայելի կողմից ցանկացած ռազմական գործողության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Al Jazeera-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Մենք պատրաստ ենք Իսրայելի կողմից ցանկացած ռազմական քայլի, և մեր ուժերը կարող են կրկին հարվածել նրա տարածքին», - նշել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ երկու կողմերն էլ ծանր հարվածներ են հասցրել մեկը մյուսին՝ ընդգծելով, որ Իսրայելը թաքցնում է իր կորուստները։
«Իսրայելը կանխում է մեր հրթիռային հարվածների արդյունավետության մասին ցանկացած խոսակցություն, բայց պատերազմը դադարեցնելու նրա խնդրանքը շատ բան է ասում», - շարունակել է նա։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը հավատում է դիվանագիտությանը և պատերազմ չի փնտրում, միևնույն ժամանակ չի սպասում, որ հրադադարը մշտական կլինի։ Նա հավելել է, որ Իրանը կպաշտպանվի ուժով։
Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել տարածաշրջանային երկրների՝ Իրանի նկատմամբ աջակցող դիրքորոշման համար։
«Երբեք տարածաշրջանի երկրները նման դիրքորոշում չեն ցուցաբերել Իրանին աջակցելու հարցում, ինչպես այս պատերազմի ժամանակ։ Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ համատեղ մշակել հավաքական անվտանգության հայեցակարգ», - ասել է նա։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։