Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիին:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Սանային ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների, հատկապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, որի հետ կապված են պատմական, կրոնական և մշակութային կապերով: Նա գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ զարգացման կապակցությամբ:

Իլհամ Ալիևն էլ դրական է գնահատել վերջին շրջանում փոխայցելությունների դինամիկան: Նա հույս է հայտնել, որ Սանայիի այցն Ադրբեջան լավ հնարավորություն կստեղծի երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցությունը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: