Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ իր երկիրը կպաշտպանվի «չարիքից և արտաքին միջամտությունից»։ Այս մասին նա ասել է ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ հեռախոսազրույցում։
Իրանի ԱԳ նախարարի Telegram ալիքում հաղորդվում է, որ Արաղչին, անդրադառնալով ամերիկացի պաշտոնյաների «սադրիչ հայտարարություններին», որոնք համարվում են Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն, ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը ցանկացած չարիքից և արտաքին միջամտությունից։
Անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին, որոնք ըստ Թեհրանի՝ հրահրվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, Արաղչին ընդգծել է, որ ժողովրդի և անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ տիրել է հանգստություն։
ԱՄԷ ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը՝ նշելով Իրանի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի երկրների միջև շարունակական խորհրդակցությունների կարևորությունը։
Արաղչին իր Telegram ալիքում նաև գրառում է կատարել թուրք և ֆրանսիացի գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։
Նշվում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հունվարի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Բացի այդ, Արաղչին կոչ է արել դատապարտել երկրների ներքին գործերին օտարերկրյա միջամտության միջոցառումները։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 14-ին երկու օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ՝ շեշտելով առկա լարվածության թուլացմանն ուղղված քննարկումների անհրաժեշտությունը։



