Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին չի բացառել, որ Թեհրանը կարող է քննարկել ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնելու հարցը, եթե պատժամիջոցները վերացվեն: Այդ մասին տեղեկացրել է Mehr լրատվական գործակալությունը:
Էսլամին լրագրողներին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են տեխնիկական և միջուկային հարցեր՝ ավելի ընդհանուր քաղաքական հարցերի հետ մեկտեղ։
Կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ իրանական կողմը ԱՄՆ-ի հետ բանակցություններում մտադիր չէ համաձայնել ուրանի հարստացումից լիովին հրաժարվելուն:
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ՝ Օմանում, և կողմերը համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ամերիկյան կողմը պնդել է լայն օրակարգի վրա, որը, մասնավորապես, ներառում է Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքում։ Թեհրանը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկել միայն իրանական միջուկային հարցը։



