Իրանը թևակոխում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ իր հակամարտության երրորդ փուլը, հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նա նշել է, որ առաջին երկուսը 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմն էր և 2026 թվականի հունվարին երկրում Վաշինգտոնի կազմակերպած անկարգությունները։
«Ընդհանուր առմամբ առայժմ գոյություն ունի երեք փուլ։ Առաջինը 12-օրյա պատերազմն էր, երկրորդը՝ պատերազմի ավարտից ընդամենը յոթ ամիս անց տեղի ունեցած անկարգությունները։ Մենք այժմ մտնում ենք երրորդ փուլ»,- նշել է նա։ Ղարիբաբադին պնդել է, որ Իրանի շուրջ այժմ տեղի ունեցող ամեն ինչ նշանավորում է հակամարտության հաջորդ փուլի սկիզբը։
«Այո, նրանք փոխել են մարտավարությունը, բայց կարող եմ ասել մեկ բան. նրանք այս փուլում կպարտվեն այնպես, ինչպես նախորդ երկուսում»,- հավելել է փոխարտգործնախարարը։
Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Թեհրանը երբեք պատերազմ չի ցանկացել և հիմա էլ չի ցանկանում, սակայն կարծում է, որ անհրաժեշտ է կարողանալ «պաշտպանվել ինքն իրենով» և չի դադարեցնի իր պաշտպանությունն ամրապնդել, նույնիսկ եթե դիվանագիտական առաջընթաց գրանցվի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանի ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կհասնեն համաձայնության, որը կներառի միջուկային զենքի վերացումը։ Հակառակ դեպքում Թրամփը սպառնացել էր Թեհրանին հարձակմամբ, որը շատ ավելի վատ կլինի, քան 2025 թվականի հունիսի հարձակումը։



