Իրանը Գերմանիայից ներողություն է պահանջել՝ Իր...

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին խստորեն քննադատել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին Իրաք կատարած այցի ժամանակ հակաիրանական հայտարարությունների համար՝ ասելով, որ դրա փոխարեն նախարարը «պետք է ներողություն խնդրեր Իրանի եւ Իրաքի դեմ Գերմանիայի նախկին հանցագործությունների համար», հաղորդում է IRNA-ն։

Ըստ Քանաանիի, Բաղդադ կատարած այցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Բերբոքի չհիմնավորված պնդումները փորձ էին՝ «քողարկելու 1980-ականներին իր երկրի աջակցությունը Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի պատերազմն Իրանի դեմ»:

Նա հայտարարել է, որ Գերմանիան քիմիական զենք է տրամադրել Սադամ Հուսեյնի ռեժիմին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ՝ նշելով, որ այդ մահաբեր զենքը պատերազմի ժամանակ օգտագործվել է Իրաքի սեփական քաղաքացիների, ինչպես նաեւ  իրանցի եւ իրաքցի քաղաքացիական անձանց ու ռազմական ուժերի դեմ։

«Ներկայումս Գերմանիայում բնակվում են զգալի թվով ահաբեկչական եւ զինված անջատողական խմբավորումներ, որոնց ձեռքերին Իրանի եւ Իրաքի խաղաղ բնակիչների արյունն է: Տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները երբեք չեն մոռանա արեւմտյան որոշ կառավարությունների, այդ թվում պատերազմներ հրահրելու եւ բռնապետերին աջակցելուն ուղղված  Գերմանիայի գործունեությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ Իրաք էր ժամանել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը, եւ իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  Թեհրանի գործողությունների «անթույլատրելիության» մասին։

Իրանի կողմից Իրաքի տարածքում հրթիռային հարվածները վտանգի տակ են դնում ողջ տարածաշրջանի կայունությունը, ասել էր նա:

Ինչպես նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը, «իրանական ռեժիմն  իր հրթիռային հարձակումներով ցույց է տալիս ոչ միայն, որ անխոհեմորեն եւ դաժանորեն ճնշում է սեփական ժողովրդին, այլեւ վտանգում է մարդկային կյանքը եւ ողջ տարածաշրջանի կայունությունը… Սա անընդունելի է եւ վտանգավոր ողջ տարածաշրջանի համար»,- հայտնում Al Sumaria հեռուստաալիքը։