Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածն...

Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածներ են փոխանակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից հետո առաջին երկու ժամվա ընթացքում Իրանը երկու անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Իրանն ավելի վաղ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին տարհանվելու կոչ էր արել՝ նշելով, որ շուտով իրականացվելու են «պատժիչ գործողություններ»։

Իր հերթին, Իսրայելը տարհանվելու կոչ է արել Թեհրանի հարավ-արևմտյան հատվածի բնակիչներին, որպեսզի իր օդուժը հարվածներ հասցնի իրանական ռազմական օբյեկտներին։ 

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելը հարվածում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված համալսարանի, որը գտնվում է Թեհրանի արևելքում։ Բացի այդ, թիրախավորվել է ԻՀՊԿ-ի հետ կապված ևս մեկ համալսարան Իրանի արևելքում, ինչպես նաև Թեհրանի մոտ գտնվող «Խոջիր» բալիստիկ հրթիռների գործարանը։ 

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ գիշերը ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության օբյեկտի և զենքի գործարանների։ Գիշերվա ռազմական գործողություններում ներգրավվել է 50-ից ավելի կործանիչ։ ԻՊԲ-ն հայտնել է, որ ցենտրիֆուգների արտադրամասը ծառայում էր Իրանի ուրանի հարստացման ծավալների ընդլայնման նպատակներին։ 

Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ զինված ուժերը գիշերը զանգվածային հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող տարբեր թիրախների։ ԻՀՊԿ-ն նշել է, որ սա Իրանի պատասխան հարվածների 11-րդ ալիքն է եղել, որն իրականացվել է առաջին սերնդի «Ֆաթահ» բալիստիկ հրթիռներով։ 

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ իրանական հրթիռները ճեղքել են իսրայելական հակաօդային պաշտպանությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գիտեն՝ որտեղ է գտնվում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։

«Նա հեշտ թիրախ է, բայց ապահով է այնտեղ։ Մենք չենք պատրաստվում հեռացնել (սպանել) նրան, համենայնդեպս՝ ոչ հիմա»։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», - գրել էր ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։

Այնուհետև Թրամփը ևս մեկ գրառում է արել. «Անվերապահ կապիտուլյացիա»։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։