
Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Բանակցությունների վերսկսման կոնկրետ ժամանակ կամ վայր դեռևս հայտնի չէ»,- նշել է Բաղային։
Պաշտոնյան անդրադարձել է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդի փոփոխության և Չինաստանի կամ Նորվեգիայի` որպես նոր միջնորդների ընտրության մասին տեղեկություններին:
«Դուք բազմիցս լսել եք նման լուրեր և դեռ կլսեք։ Դրանք ոչ այլ ինչ են, քան ենթադրություն, և չեն կարող հաստատվել», - ասել է Բաղային։
Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական գործընթացի ընթացքում կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա:
«Սա միջազգային մակարդակով հանցավոր և անօրինական գործողություն է, և երկիրը պետք է պատասխանատվություն կրի դրա համար», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», մինչև «չհամոզվի, որ դիվանագիտական ջանքերն ու բանակցային գործընթացը արդյունավետ են»։
2025 թվականի ապրիլից ի վեր Իրանը և Միացյալ Նահանգները Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Երկու երկրի պատվիրակությունների միջև բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Մասկատում, սակայն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո բանակցությունները չեղարկվել են։