Իրանը և ԱԷՄԳ-ն պայմանավորվել են շարունակել մի...

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պայմանավորվել են շարունակել իրանական միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունները։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել կողմերի փոխգործակցության նոր ձևաչափի քննարկման նպատակով ԱԷՄԳ-ի չտարածման հարցերով փոխտնօրեն Մասիմո Ապարոյի՝ Թեհրան կատարած այցի արդյունքներով: 

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջազգային հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ Աբադիին։

«Հաշվի առնելով հանդիպման ընթացքում անցկացված քննարկումները՝ որոշվել է շարունակել խորհրդակցությունները», - ասել է Ղարիբ Աբադին։ 

Ավելի վաղ իրանցի բարձրաստիճան աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱԷՄԳ-ի պատվիրակության այցն Իրան պլանային է, բանակցությունների ընթացքում որևէ կոնկրետ որոշում չի կայացվի, և Իրանը դեռևս մեղադրում է գործակալությանը հանրապետության միջուկային օբյեկտների վրա գրոհողներին աջակցելու համար։

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Թեհրանը գործակալության ղեկավարությանն ակնարկել է, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները։ Նա նաև նշել է, որ ԱԷՄԳ-ն պնդում է, որ իր տեսուչները վերադառնան Իրան՝ միջուկային օբյեկտներում աշխատանքը հնարավորինս շուտ շարունակելու համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր էր ստորագրել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը իրագործելու վերաբերյալ։ 

Իրանը որպես համագործակցությունը վերականգնելու պայման նշել է միջուկային օբյեկտների և իրանցի միջուկագետների անվտանգության ապահովումը։ Իրանը քննադատել է ԱԷՄԳ-ին և Գրոսիին Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների ֆոնին անգործություն դրսևորելու համար։