Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պա...

Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) արևմտյան երկրների կողմից Թեհրանի դեմ snapback մեխանիզմի կիրառման դեպքում, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) պատժամիջոցների վերականգնում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «եվրաեռյակի» ներկայացուցիչների հետ Իրանի բանակցությունների ժամանակ իրանցի դիվանագետները նախազգուշացրել են եվրոպացիներին Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Թեհրանի դուրս գալու և միջուկային դոկտրինը փոխելու հնարավորության մասին, եթե Արևմուտքը գործարկի snapback ընթացակարգը։

«Իրանը երբեք ոչ մեկի հետ չի քննարկել և չի խոսել իր պաշտպանական կամ ռազմական ներուժի մասին…. Սակայն եթե snapback մեխանիզմն ակտիվացվի, ապա մեր պատասխանը կլինի սիմետրիկ: Մենք պատճառներ չենք ունենա մնալու որոշ պայմանագրերում», - պատասխանել է Բաղային տարածվող տեղեկատվության իսկության մասին հարցին: