Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի արտգործնախարարության խոսնակը խստորեն դատապարտել է նավթային նոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը սահմանել է Թեհրանի դեմ։

Tasnim-ի հաղորդմամբ՝  հայտարարության մեջ Էսմայիլ Բաքաին խստորեն դատապարտել է ԱՄՆ վարչակազմի կողմից պատժամիջոցների կիրառումը մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք մասնակցում են իրանական նավթի վաճառքին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի այս որոշումը բացարձակապես անարդարացված է և հակասում է միջազգային կանոններին ու նորմերին։

«ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշումը՝ ճնշում գործադրել իրանցի ժողովրդի վրա՝ խոչընդոտելով Իրանի օրինական առևտուրը իր տնտեսական գործընկերների հետ, որն անօրինական, ոչ լեգիտիմ և խախտող քայլ է», – ասել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը  հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում մի շարք անհատների և նավթատարների նկատմամբ, որոնք ներգրավված են իրանական նավթի տեղափոխման մեջ դեպի Չինաստան։